
38 դիտում
Կրծքավանդակի ցավը դեռահասների շրջանում հաճախ հանդիպող խնդիր է, սակայն այն մեծ մասի մոտ պայմանավորված չէ սրտային հիվանդություններով։ Հաճախ խնդրի պատճառ են լինում կրծքավանդակի մկանների և կողերի ցավերը, կեցվածքի խանգարումները, ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, սթրեսը կամ շնչառական համակարգի որոշ խնդիրներ։
«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի ախտորոշիչ կենտրոնի սոնոգրաֆիստ-սրտաբան Հասմիկ Եղիազարյանի փոխանցմամբ՝ պետք է պարտադիր դիմել մանկական սրտաբանի, եթե կրծքավանդակի ցավը՝
●առաջանում կամ ուժեղանում է ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ (վազք, սպորտ, աստիճաններով բարձրանալ),
●ուղեկցվում է ուշագնացությամբ կամ գիտակցության կորստով, սրտխփոցով, սրտի աշխատանքի ընդհատումների զգացումով, շնչահեղձությամբ կամ արտահայտված հոգնածությամբ,
●տարածվում է դեպի ձախ ձեռք, ուս կամ ծնոտ,
●կրկնվում է հաճախ կամ աստիճանաբար ուժեղանում է,
●առաջացել է սրտային հիվանդության հայտնի ֆոնի վրա։
Խնդիրը սրտային չէ, եթե ցավերը՝
●կարճատև են (վայրկյաններ կամ մի քանի րոպե),
●սրվում են մարմնի դիրքը փոխելիս,
●ուժեղանում են խորը շունչ քաշելիս,
●կարելի է վերարտադրել կրծքավանդակը սեղմելով,
●կապված են վերջերս կատարված ֆիզիկական ծանրաբեռնվածության հետ։
Եթե կրծքավանդակի ցավը կրկնվում է, անհանգստացնում է երեխային, առկա է վերը նշված որևէ վտանգավոր ախտանիշ, անհրաժեշտ է մանկական սրտաբանի գնահատում։ Անհրաժեշտության դեպքում բժիշկը կարող է նշանակել ԷՍԳ, էխոկարդիոգրաֆիա (սրտի ուլտրաձայնային հետազոտություն), Հոլտեր մոնիթորինգ կամ այլ հետազոտություններ։
Մասնագետի խոսքով, չնայած կրծքավանդակի ցավերի մեծ մասը դեռահասների մոտ կապված չէ սրտի հետ, ֆիզիկական ծանրաբեռնվածության հետ կապված ցավը, ուշագնացությունը և ընտանեկան ծանր սրտաբանական պատմությունը երբեք չպետք է անտեսվեն։